Կարեն Միրզոյանն օբյեկտիվ անհրաժեշտություն է համարում Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում օբյեկտիվ անհրաժեշտություն է: Այս մասին Երևանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:
«Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին ցանկություն կամ պահանջ չէ: Դա օբյեկտիվ անհրաժեշտություն է: Տեղի ունեցող զարգացումները ևս մեկ անգամ փաստում են, որ բանակցային գործընթացում առանց Ղարաբաղի լիարժեք մասնակցության, խոսել իրական առաջընթացի մասին իրատեսական չէ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Կարեն Միրզոյանը:
Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն անդրադարձավ նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպին, նշելով, որ դա շատ վտանգավոր ազդանշան է:
«Դա ևս մեկ անգամ ապացուցում է, թե որքան կարևոր է Վիեննայի ու Սանկտ Պետերբուգի պայմանավորվածությունների անհապաղ կատարումը: Առաջիկա օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կլինեն Արցախում: Մենք ներկայացնելու ենք մեր գնահատականը, մեր մոտեցումները անցած ժամանակահատվածում տեղի ունեցածի վերաբերալ: Ինչպես միշտ ակնկալում ենք, որ խոսակցությունը կընթանա բաց մթնոլորոտւմ»,-հավելեց նախարարը:
Ինչ վերաբերում է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ հանդիպմանը, Կարեն Միրզոյանը նշեց, որ խոսել են մի շարք հարցերի մասին, որոնք առնչվում են Արցախի և Եվրամիության միջև հարաբերություններին:
«Իհարկե, չէինք կարող չանդրադառնալ նաև բանակցային գործընթացի առկա իրավիճակին: Այդ համատեքստում մենք կարևորեցինք Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում ձեռբերված պայմանավորվածությունների անհապաղ կատարումը: Անդրադարձել ենք մի շարք հարցերի, որոնք օրակարագային են մեր հանդիպումների համար»,-հավելեց նա: