Պեսկովը հայտարարել է «նորմանդական քառյակ»-ի ղեկավարների` ընդհանուր լեզու չգտնելու մասին

Armenpress 17:20, 22 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ «նորմանդական քառյակ»-ի ղեկավարները բանակցությունների ընթացքում հազվադեպ են ընդհանուր լեզու գտնում:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նա հայտարարել է «Вести в субботу»-ին տված հարցազրույցում:

«Ընդհանուր լեզուն այդքան էլ հաճախ չի արտահայտվում, որքան կցանկայինք: Միաժամանակ ընդհանուր լեզվի բացակայությունը լրացվում է ինչ-որ չափով ղեկավարների` աշխատանքներն այս ձեւաչափում շարունակելու պատրաստակամությամբ»,-հայտարարել է խոսնակը:

Նա հավելել է, որ Բեռլինում հաստատվել է, որ Մինսկի համաձայնագրերի տեքստը չունի այլընտրանք: «Պորոշենկոն դա ընդունեց, քանի որ մենք բազմիցս լսել էինք այն մասին, որ անհրաժեշտ են ինչ-որ նոր փաստաթղթեր, այսինքն` մի անուղղակի փորձ Մինսկի համաձայնագրերը փոփոխության ենթարկելու: Նման փոփոխություն չի լինի», -ասել է նա:

Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Պյոտր Պորոշենկոյի, Ֆրանսուա Օլանդի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին դաշնային կանցլերի գրասենյակում: Հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ բանակցությունների արդյունքում քառյակի անդամները հաստատել են, որ հավատարիմ են Մինսկի համաձայնագրերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am