Հայաստանը պատրաստ է վերանայել միջազգային ավիափոխադրողների հետ պայմանագրերը

Armenpress 13:25, 27 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պատրաստ է վերանայել համաձայնագրերը և հնարավորություններ տալ միջազգային ավիափոխադրողներին՝ իրականացնելու ավիափոխադրումներ նոր ուղղություններով և մատչելի սակագներով: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ընդգծեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը՝ պատասխանելով Վրաստանի համեմատ մեր երկրում ավելի թանկ սակագների մասին հարցին:

Ավետիսյանը հիշեցրեց, որ Վրաստանում բաց երկնքի քաղաքականությանն անցում է կատարվել մոտ 10 տարի առաջ: «Սա նշանակում է, որ մենք մի փոքր ուշացումով ենք մուտք գործել այդ դաշտ: Ժամանակ է պահանջվում, որպեսզի աշխարհն ադապտացվի դրան, որպեսզի հասնի այն իրողությունը, որ Հայաստանը պատրաստ է վերանայել համաձայնագրերը, հնարավորություններ տալ ավիափոխադրումներ իրականացնելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ավետիսյանը՝ հավելելով, որ պտուղներն արդեն իսկ տեսանելի են:

«Տոմսերն էժան չեն, աշխատելու տեղ կա, բայց պետք է ընդունել, որ տոմսերը նախկինի համեմատ բավական էժանացել են»,- կարծիք հայտնեց Ավետիսյանը:

Հարցին՝ Վրաստանից ընդամենը 40 դոլարով կարելի է մեկնել Եվրոպա, Հայաստանում այդ ուղղությամբ ի՞նչ քայլեր են արվում, Սերգեյ Ավետիսյանը պատասխանեց. «Եթե հիմա «Շիրակ» օդանավակայանը «Պոբեդա» ավիաընկերության առաջին մուտքով սկսի վաճառել 10 հազար դրամ արժողությամբ տոմսեր, սա կնշանակի ձեր հարցի պատասխանը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am