Էյրոն և Նալբանդյանը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման ՄԽ համանախագահների առաջարկները

Armenpress 16:59, 27 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Ժան-Մարկ Էյրոն կքննարկեն երկկողմ հարաբերություններին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող մի շարք հարցեր: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը:

«Ժան-Մարկ Էյրոն այսօր կընդունի Հայաստանի իր գործընկեր Էդվարդ Նալբանդյանին: Դա հնարավորություն կտա նոր թափ հաղորդել ֆրանս-հայկական հարաբերություններին, մասնավորապես, երկկողմ համագործակցության երկու համաձայնագրերի օգնությամբ»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական կայքը, ասել է Նադալը:

Նադալի խոսքով, երկու նախարարները կքննարկեն ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները, «որպեսզի բանակցությունների օգնությամբ գտնեն ԼՂ հակամարտության խաղաղ և տևական լուծում»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am