Գեղարքունիքի մարզի բարձրլեռնային գոտիների ճանապարհներին բուք է եւ դժվարանցանելի վիճակ

Armenpress 14:04, 6 Դեկտեմբեր, 2016

ԳԱՎԱՌ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում դեկտեմբերի 6-ի գիշերային ժամերին տեղացած ձյան եւ բքերի հետեւանքով դժվարանցանելի վիճակ է առաջացել բարձրլեռնային գոտիների բնակավայրերի ճանապարհներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, մարզի ցածրադիր գոտիներում տեղացած ձյան շերտը կազմել է 5-15, բարձրադիր գոտիներում՝ մինչեւ 25-30 սանտիմետր:

«Ցածրադիր գոտիներում ճանապարհները ենթարկվում են մաքրման եւ մշակման, ապահովված է անցանելիությունը, իսկ ահա բարձրադիր գոտիներում դեկտեմբերի 6-ի առավոտվա դրությամբ բքերը չեն դադարել, որպեսզի հնարավոր լինի սկսել մաքրման եւ մշակման աշխատանքները: Դժվարանցանելի վիճակ է Ծովակ-Ախպրաձոր եւ մի շարք այլ միջհամայնքային ճանապարհներին ու Վարդենյաց լեռնանցքում:Բքերի հանդարտվելուն պես ճանապարհաշինարարները կձեռնարկեն համապատասխան աշխատանքներ»,-ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը:

 Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am