ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն ընտրություններին դաշինքով մասնակցելու հարց չեն քննարկել

Armenpress 15:24, 7 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և ՀՅԴ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու հարց չեն քննարկել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Բնականաբար, ՀՅԴ-ն մեր կոալիցիոն գործընկերն է, կլինեն նման քննարկումներ, բայց այս պահին ոչ ՀՀԿ-ն, ոչ ՀՅԴ-ն նման ցանկություն չեն հայտնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բաղդասարյանը:

Նա հավելեց, որ ՀՀԿ-ն պատրաստ է քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնել ցանկացած քաղաքական ուժի հետ: Նա ընդգծեց՝ եթե կլինեն քաղաքական ուժեր, որոնք կցանկանան քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնել ՀՀԿ-ի հետ, իրենք պատրաստ են դրան: «Մենք կոնսուլտացիաներից, բանակցություններից չենք խուսափում, սակայն նման որոշում այս պահին չունենք»,- հստակեցրեց պատգամավորը:

Հարցին՝ ՀՀԿ-ի շանսերն ավելի մեծ կլինեն առանձի՞ն, թե ՀՅԴ-ի հետ ընտրություններին մասնակցելու դեպքում, Բաղդասարյանը պատասխանեց, որ նման մոնիթորինգ չեն անցկացրել, սակայն նկատեց, որ քաղաքական ուժերի միավորման դեպքում շանսերն ավելի մեծ են լինում: «Ամեն դեպքում, մենք նման հարց քննարկելու համար դեռ ժամանակ ունենք: այս պահին մենք դա չենք քննարկել: Քննարկումից հետո կխոսենք, եթե, իհարկե, լինի նման քննարկում»,- հավելեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am