Ադրբեջանը լքում են եւս 7 արտասահմանյան ընկերություններ
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում սկսված տնտեսական ճգնաժամի պայմաններում այդ երկրում 2016 թվականի սկզբից տարբեր արտասահմանյան ընկերություններ սկսել են կասեցնել իրենց ներկայացուցչությունների գործունեությունները:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Այս անգամ իրենց ադրբեջանական ներկայացուցչությունները փակում են 7 արտասահմանյան ընկերություններ: Դրանք են Vamed Engineering GMBH, Vipro UK Limited, Chemonics International Inc., Neu Dynasty International Group Limited, Arcotrans LLP, Ivor Promotions LLP, Champion Technologies Russia & Caspian B. V. ընկերությունները:
Արտասահմանյան ընկերությունների կողմից Ադրբեջանը լքելու հիմնական պատճառը ստեղծված խորը տնտեսական ճգնաժամն է:
Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է, միջազգային վարկանիշային գործակալությունների համաձայն`ադրբեջանական բանկերը կանգնած են ռիսկի սահմանին, 2016 թվականի հունվար-նոյեմբերին փակվել են մեկ տասնյակից ավելի բանկեր:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով գոյանում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Ադրբեջանական նավթի արժեզրկումը հարվածում է այդ երկրի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին: