ՀՀ Նախագահն ընդունել է ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերին

Armenpress 19:01, 7 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով Սիրիլ Մյուլերի հերթական այցը մեր երկիր՝ Նախագահն ընդգծել է, որ այն ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի հետ Համաշխարհային բանկի ամուր գործընկերային հարաբերությունների մասին: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի դերը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, ընդգծելով, որ բանկը մեր երկրում ի սկզբանե դիտարկվել է ոչ միայն ներդրումային ծրագրեր ֆինանսավորող, այլ նաև տնտեսական բարեփոխումների և մարդկային կարողությունների զարգացմանն աջակցող հուսալի գործընկեր:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև հաստատված գործընկերությունը կպահպանի ձևավորված դրական ավանդույթներն ու փորձը, իսկ ծրագրային ուղղությունները նոր որակ կստանան` լավագույնս արտահայտելով գլոբալ տնտեսական մարտահրավերները, տարածաշրջանային զարգացումներն ու առանձին երկրներին հատուկ միտումները և քաղաքականության առաջնահերթությունները:

Երկուստեք կարևորվել է Հայաստանում շարունակական բարեփոխումների իրականացումը՝ արտահանման խթանման և մրցունակության բարձրացման միջոցով ապահովելով կայուն տնտեսական աճ: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ տնտեսական միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների իրականացման գործում Հայաստանը հետևողական է լինելու: Հիշելով, որ այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի տարելիցի օրն է, Համաշխարհային բանկի փոխնախագահը նշել է, որ ՀԲ-ն Հայաստանում իր ծրագրերն սկսել է իրականացնել երկրաշարժից տուժած բնակավայրերում վերականգնողական ծրագրերի իրականացմամբ և հետագա տարիներին հաջողությամբ զարգացրել է փոխգործակցությունը՝ ընդգրկելով Հայաստանի տնտեսության ամենատարբեր ոլորտներ: «Հաջորդ տարի մենք նշելու ենք Հայաստանի հետ մեր գործընկերության 25-ամյակը, և մենք այժմ այն ոլորտներում, որտեղ կարող ենք հաջողությամբ իրագործել մեր նոր ծրագրերը, իրականացնում ենք ախտորոշման, գնահատման ծրագիր: Վստահեցնում եմ, որ ՀԲ-ն իր լավագույն ջանքը կներդնի աջակցելու Հայաստանին՝ նրա առաջընթացի գործում»,-ասել է ՀԲ փոխնախագահ Սիրիլ Մյուլերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am