Այս տարվա Հայաստանի կարևոր ձեռքբերումներից է ժամանակակից ռազմատեխնիկայի գնումը. Իսկանդարյան
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տարիների Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացի նպատակն է պահպանել ստատուս-քվոն՝ հնարավորինս նվազեցնելով լարվածությունը առաջնագծում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ամփոփելով 2016 թվականին արցախյան խնդրի շուրջ զարգացումները, նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Իսկանդարյանը նշեց, որ վերջին տարիներին ստատուս-քվոն մի քանի անգամ խախտվել է, սակայն 2016 թվականի ապրիլին այն ստացավ ավելի լայնամասշտաբ ձև:
«Ներկայումս երկու կողմերը և միջնորդ համանախագահող երկրները շարունակում են ձգտել պահպանել ստատուս-քվոն և հնարավորինս նվազեցնել բռնությունները շփման գծում»,- նշեց Իսկանդարյանը:
Քաղաքագետը 2016 թվականի ձեռքբերումներից է համարում հայկական կողմի գնված սպառազինությունը, որի մի մասը ցուցադրվել է Հայաստանի անկախության օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը նշեց, որ ապրիլյան պատերազմում հայ ժողովուրդը մի շարք դասեր քաղեց: «Ապրիլյան պատերազմում մենք տեսանք, որ ազգը պատրաստ է կանգնել մինչև վերջ, իսկ սահմանում կանգնած տղաները ապացուցեցին, որ Արցախի հիմնախնդիրը չունի ռազմական լուծման ճանապարհ: Այսինքն` նրանք ապացուցեցին, որ այս հիմնախնդիրը պետք է լուծվի միմիայն բանակցությունների ճանապարհով»,- շեշտեց Պողոսյանը: Ըստ պատգամավորի` կարևոր դասերից մեկն էր, որ հայ ժողովուրդը հասկացավ, որ պատերազմը դեռևս չի ավարտվել և պետք է կարողանալ ապրել պատերազմական հոգեբանության մեջ:
«Այս հոգեբանությամբ մենք պետք է կարողանանք երկու հայկական պետությունների տնտեսությունը զարգացնել և հզորացնել, որպեսզի հետագայում մեզ չկարողանան ինչ-որ բան պարտադրել»,- ընդգծեց Թևոսյանը:
Ըստ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանի` ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց աշխարհին, որ ադրբեջանական կողմը դեմ է խաղաղ ճանապարհով խնդրի լուծմանը:
«Մինչև 2016 թվականի ապրիլը թե΄ հայկական կողմը, թե΄ միջնորդ համանախագահները հույսեր էինք փայփայում, որ հնարավոր է հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Սակայն ապրիլին Ադրբեջանը, մերժելով ուժի չկիրառման և ազգերի ինքնորոշման սկզբունքը, խնդիրը փորձեց լուծել ռազմական ճանապարհով, ինչն էլ ձախողվեց»,- ամփոփեց Շիրակ Թորոսյանը: