Դիտարկվում է բանակից վերադարձած երիտասարդների ուսումն անվճար դարձնելու հարցը

Armenpress 21:41, 20 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը վերջին ամիսներիին ծառայությունից  զորացրված երիտասարդների հետ Դիլիջանում հանդիպման ժամանակ հայտարարել է, որ դիտարկվում է բանակից վերադարձած երիտասարդների կրթությունն ամբողջովին անվճար դարձնելու տարբերակը:

«Մենք ընդհանրապես դիտարկում ենք այն հանգամանքը, որ բանակից հետո ոչ թե զեղչ կիրառենք, այլ ամբողջովին անվճար դարձնենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով ռազմական ուսուցման խնդիրներին` ՀՀ Նախագահը հիշեցրել է մի քանի օր առաջ պաշտպանության նախարարի հարցազրույցում արած այն հայտարարությունը, որ ուսումնասիրվում է Դիլիջանում կառուցված Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնը ՊՆ-ին փոխանցելու տարբերակը: Նա շեշտել է, որ այդտեղ պետք է տեղակայվի Մոնթե Մելքոնյանի անվան ուսումնարանը:

«Ես կարծում եմ, որ այդ որոշումը շուտով պաշտոնապես կընդունվի»,- ասել է Սերժ Սարգսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am