Վարչապետն Իտալիայի պատվավոր հյուպատոսի հետ քննարկել է Գյումրիի զարգացման ծրագրերը

Armenpress 16:45, 21 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալպոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հյուպատոսը կառավարության ղեկավարին է ներկայացրել «Գյումրիի ընկերներ» հիմնադրամի ծրագրերը Գյումրու պատմամշակութային արժեքների վերականգնման, դրա շրջանակում նոր աշխատատեղերի ստեղծման, արհեստների և արվեստների ներկայացմամբ զբոսաշրջության զարգացման ուղղությամբ: Անտոնիո Մոնտալպոն կարևորել է ծրագրերի կյանքի կոչման գործում կառավարության հետ համագործակցությունը:

Վարչապետ Կարապետյանը ողջունել է «Գյումրիի ընկերներ» հիմնադրամի նախաձեռնությունները և նշել, որ կառավարությունը ևս մասնավոր հատվածի հետ գործակցությամբ մշակում է Գյումրի քաղաքի զարգացման, մասնավորապես, Կումայրի արգելոց-թանգարանի և Գյումրու Շիրակացի ու Ռուսթավելի փողոցների վերականգնման ծրագիրը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ պատմամշակութային այս կարևոր արժեքների վերականգնումն ու մյուս նախաձեռնությունները հնարավորություն կտան խթանել զբոսաշրջության զարգացումը Գյումրիում: 

Կարեն Կարապետյանը և Անտոնիո Մոնտալպոն պայմանավորվել են ծրագրերի իրականացման գործում հետագա համագործակցությանն առնչվող հարցերը դիտարկել վարչապետի՝ առաջիկայում նախատեսված Գյումրի այցի շրջանակում:          



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am