Քաղաքագետը Լապշինի արտահանձնման տակ տնտեսական հիմք է տեսնում

Armenpress 18:12, 21 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բլոգեր, ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի գործոնն օգտագործելով` Բելառուսը տնտեսական շահ է հետապնդում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 21-ին նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: 

«Ենթատեքստը ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական է: Բելառուսը, օգտագործելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եղած հակասությունները, շահեց: Հիմա էլ նույնն է անում Ադրբեջանի հետ կապված` խաղարկելով Լապշինի հարցը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց քաղաքագետը:

Շիրինյանի խոսքով` հայկական կողմը պարտավոր է ուշադիր վերլուծել ստեղծված իրավիճակը ճիշտ դիրքորոշում ունենալու համար:

Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Լապշինին, ով բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում: Պաշտոնական Բաքուն պահանջում է Բելառուսի իշխանություններից Լապշինին արտահանձնել իրենց:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am