Ադրբեջանը չի կարողանում ապահովել սեփական պարենային անվտանգությունը

Armenpress 19:43, 7 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը ներքին արտադրանքի հաշվին պարենի պահանջարկը կարողանում է փակել միայն կիսով չափ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է azadliq.info լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով գյուղատնտեսության գծով ադրբեջանցի հայտնի փորձագետ Վահիդ Մահառամովի ֆեյսբուքյան էջին: 

Նա ընդգծել է, որ պատերազմի պայմաններում ապրող եւ աղետալի վիճակում գտնվող տնտեսությամբ երկրի համար դա խիստ վտանգավոր դրություն է: 

Նրա խոսքով` Ադրբեջանի ցորենի պահանջարկը (սերմացուի հետ միասին 1,4 մլն տ) կատարվում է հիմնականում Ռուսաստանի հաշվին: Վերջին տարիներին այդ երկրի արտահանած հացահատիկային ապրանքների որակը վատացել է, ինչի պատճառով Ադրբեջանում տարեցտարի նվազում է պարենային ցորենի արտադրությունը: 

«Ադրբեջանում լրջորեն նվազել է մսի, կաթի, մրգի, բանջարեղենի, բուսական յուղի, շաքարի, կարտոֆիլի արտադրությունը եւ աճել դրանց ներկրման ծավալները: Ներկրվող պարենային ապրանքների որակի ցածր լինելու հետ այն սպառողներին է առաջարկվում բարձր գներով: Ադրբեջանում առկա չէ նաեւ լուրջ վերահսկողության մեխանիզմ ներկրվող պարենային ապրանքների նկատմամբ: Ադրբեջանի կառավարությունը չի կարողանում բնակչությանն ապահովել որակյալ, մատչելի, նորմերին համապատասխան սննդային ապրանքներ», -նշել է փորձագետը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am