Հայ արվեստագետները մասնակցել են Սուրաջկունդի արհեստների 31-րդ միջազգային փառատոնին

Armenpress 13:17, 22 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` 2017 թվականի փետրվարի 1-15-ը, Հնդկաստանում հայ արվեստագետների պատվիրակությունը Ֆարիդաբադում մասնակցել է Սուրաջկունդի արհեստների 31-րդ միջազգային փառատոնին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պատվիրակության կազմում էին՝ «Տերյան մշակութային կենտրոնի» տնօրեն Լիլիթ Մելիքյանը, ժողովրդական վարպետ Արփի Ավդալյանը և «Շողակն» ֆոլկլորային համույթի մեներգչուհի, ուդահար Հասմիկ Հարությունյանը: Փառատոնի ընթացքում ներկայացվել են հայկական տարազներ, ազգային մշակույթին բնորոշ ձեռագործ և ասեղնագործ իրերի տարբեր նմուշներ՝ զարդեր, մետաքսե վզնոցներ, կարպետներ: Կատարումներով հանդես է եկել երգչուհի Հասմիկ Հարությունյանը:

Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանի հրավերով հայ արվեստագետներն այցելել են նաև մայրաքաղաք Դելի: Արդյունքում, հայկական պատվիրակությունը Հնդկաստանում ոչ միայն ներկայացրել և հանրահռչակել է հայկական մշակույթը, այլև աշխատանքային սերտ կապեր է հաստատել և հետագա համագործակցության պայմանավորվածություններ ձեռք բերել` փառատոնին ներկայացված տեքստիլ արտադրանք ու ասեղնագործ աշխատանքներ պատրաստող կազմակերպություն­ների հետ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am