Հենրիխ Մխիթարյանն ու Արթուր Ալեքսանյանն արժանացել են «Հայկյան» հատուկ մրցանակի

Armenpress 21:13, 24 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արժանացել է «Հայկյան» հատուկ  մրցանակի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մխիթարյանը հատուկ մրցանակի է արժանացել հայկական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և հայկական սպորտը հանրահռչակելու համար:

Հենրիխ Մխիթարյանը տեսաուղերձով դիմեց միջոցառման մասնակիցներին: Շնորհակալություն հայտնելով մրցանակի համար՝ Մխիթարյանը դիմեց Հայաստանի նոր սերնդին՝ մաղթելով նպատակների իրագործում, ինչը հնարավոր է տաղանդի և աշխատասիրության շնորհիվ:

«Հայկյան» հատուկ մրցանակի է արժանացել նաև Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը՝ հայկական սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և նվիրումի համար: Իր խոսքում Արթուր Ալեքսանյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է հատուկ մրցանակի արժանանալը: Նա հավելեց, որ միշտ պատրաստ է բարձր պահել Հայաստանի պատիվը:

Արթուր Ալեքսանյանին մրցանակները հանձնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am