Ադրբեջանի սահմանամերձ գյուղերի բնակիչները բախումների հետևանքով լքել են բնակավայրերը

Armenpress 17:13, 25 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական Աղդամի շրջանի Ղարաղաշլու գյուղի բնակիչները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած բախումների հետևանքով  ստիպված են եղել լքել իրենց բնակավայրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը` հիմնվելով սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերի գրառումների վրա:

«Ադրբեջանական գյուղերի բնակիչների փախուստը ՀՀ և Արցախի սահմանագծին ցանկացած սրացման դեպքում արդեն վաղուց քրոնիկ բնույթ է կրում:

Մինչ, այսպես կոչված, Աղդամի շրջանի գործադիր իշխանության ղեկավարը ադրբեջանական բոլոր հնարավոր խողովակներով կոկորդ է պատռում, թե այդ տարածքի գյուղերի բնակիչները չեն լքել սեփական տները, ադրբեջանական սոցցանցերում պարբերաբար տեղեկատվություն է սպրդում սահմանամերձ գյուղերի դատարակման մասին:

Մասնավորապես հենց նույն, այսպես կոչված, Աղդամի շրջանի Ղարաղաշլու գյուղի բնակիչը տեղեկացրել է, որ գիշերը տեղի ունեցած բախումների հետևանքով իրենք ստիպված են եղել լքել այս բնակավայրը»,- գրել է Ոսկանյանը:

Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am