ՏՏ ոլորտի 17 հայկական ընկերություն կմեկնեն Լոնդոն

Armenpress 17:20, 3 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ-բրիտանական ՏՏ նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում մարտի 9-10-ը Լոնդոնում տեղի կունենան ՏՏ ոլորտի 17 հայկական ընկերությունների և գործարար կառույցների ներկայացուցիչների հանդիպումներ՝ նպատակ ունենալով տեղում համագործակցության եզրեր գտնել։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Ծրագիրը հանրությանը ներկայացնելու նպատակով այսօր տեղի ունեցավ  հանդիպում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը,  Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, ՏՏ  ոլորտի  մասնագետներ։ Կարևորելով նման միջոցառումների անցկացումը՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը նշեց, որ այն լայն հարթակ է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության շրջանակներն ու գործարար կապերն ընդլայնելու համար։ Նա հույս հայտնեց, որ նման ձևաչափով միջոցառումները շարունակական կլինեն և կանցկացվեն ոչ միայն Բրիտանիայում, այլև Հայաստանում:

«Արդյունքում կծնվեն համատեղ ծրագրեր, որոնք կարևոր են ոչ միայն բիզնեսի զարգացման, այլև՝ երկու երկրների մշակույթների փոխանակման տեսանկյունից:  Համոզված եմ, որ 17 ընկերությունները լավագույնս կներկայացնեն Հայաստանի ՏՏ ոլորտը։  Վստահ եմ նաև, որ կան թաքնված ռեսուրսներ, որոնք այս միջոցառման շրջանակներից բխող արդյունքներում կբացվեն »,- ասաց նախարարի տեղակալը:

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն էլ նշեց, որ  տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության մեջ ունի մեծ մասնաբաժին։ Նա ընդգծեց, որ Երևանում բրիտանական  դեսպանատան գերակայություններից մեկը Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև տնտեսական, առևտրային կապերի ավելի սերտ և փոխշահավետ հարաբերությունների ընդլայնումն է: Լոնդոնում կայանալիք «Հայ-բրիտանական ՏՏ նախաձեռնություններ» բիզնես միջոցառումը բաղկացած է լինելու երկու հիմնական մասից՝ Հայաստանի և հայկական ՏՏ ընկերությունների մասին շնորհանդեսից և հայկական ՏՏ ընկերությունների ու բրիտանական գործարար շրջանակների ներկայացուցիչների միջև անհատական հանդիպումներից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am