ԱՄՆ սենատորը նոր բանաձևով կոչ է անում Թուրքիային վերադարձնել հայկական եկեղեցապատկան գույքը

Armenpress 11:51, 21 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոն ներկայացրել է Սենատի 29 բանաձևը, որը նախատեսում է ապրիլը հռչակել որպես Հայոց ցեղասպանության ոգեկոչման ամիս: Բանաձևը նաև կոչ է անում Թուրքիայի Հանրապետությանը վերադարձնել բռնագրաված եկեղեցական գույքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Asbarez-ը:

«Թեպետ Կալիֆորնիայի օրենսդիր մարմինը ճանաչել է և ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եկեղեցական սեփականության հարցը պետք է ներառվի բանաձևի մեջ: Ցանկացած վայրում կրոնական խտրականությունը դեմ է հիմնական մարդկային արժեքներին: Ես միանում եմ այն պատմաբաններին, ովքեր հավատացած են` պատմական հայկական եկեղեցիները հայ ժողովրդի մշակութային ժառանգությունն են և պետք է վերադարձվեն իրենց իսկական տերերին, որպեսզի դրանց փայփայեն և օգտագործեն համապատասխան կրոնական նպատակներով»,- նշել է Պորտանտինոն:

Սենատի 29-րդ բանաձևը համահեղինակել են Կալիֆորնիայի պետական սենատի բոլոր անդամները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am