Երիտասարդ երգիչների միջազգային մրցույթում հայաստանյան մասնակիցներն արժանացել են մրցանակների

Armenpress 13:01, 22 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում մարտի 9-13-ը կայացել է Վրաստանի ժողովրդական արտիստ Նոդար Անդգուլաձեի անվան երիտասարդ երգիչների 2-րդ միջազգային մրցույթը:

Մրցույթի կազմակերպիչներն են Ե. Միկելաձեի անվան ազգային երաժշտական կենտրոնը, աջակիցներ՝ Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարարությունը և Թբիլիսիի քաղաքապետարանը:

Հեղինակավոր այս մրցույթում իրենց մասնակցությունն են բերել, ավելի քան 80 մենակատարներ` Վրաստանից, Հայաստանից, Լիտվայից և այլ երկրներից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, 4 տարիքային խմբերում Հայաստանը ներկայացնում են 5 մենակատարներ, ովքեր արժանացել են հետևյալ մրցանակների.

Մարիամ Ալոյան /մեցցո-սոպրանո, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրոս, դասատու՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ք. Սահակյան) արժանացել է Հաղթողի կոչման և Գրան պրի մրցանակի: Արտյոմ Ասմանգուլյան (Երևանի Ռ. Անդրեասյանի անվան երաժշտական դպրոց, դասատու՝ պրոֆեսոր Կ. Մկրտչյան) արժանացել է Առաջին մրցանակի: Հովհաննես Անդրեասյան (տենոր) արժանացել է Առաջին մրցանակի: Հովհաննես Կարապետյան /բաս, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող, դասատու՝ պրոֆեսոր Կ. Մկրտչյան/ արժանացել է Երկրորդ մրցանակի: Արուսյակ Դավթյան /սոպրանո/ արժանացել է Երկրորդ մրցանակի:

Ն. Անդգուլաձեի անվան երիտասարդ երգիչների 2-րդ միջազգային մրցույթի հանձնաժողովի կազմում Հայաստանից ընդգրկված էր «Tenor World Association of Arts» ասոցիացիայի նախագահ, տենոր Կարեն Զոհրաբյանը, ինչպես նաև  առաջատար մասնագետներ Իտալիայից, Վրաստանից. Լիտվայից:    



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am