Արծվիկ Հարությունյանը մարտահրավեր է նետել «Եվրատեսիլ-2017»-ի մասնակիցներին

Armenpress 14:20, 22 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2017» մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանը Facebook-ի  իր պաշտոնական էջում մարտահրավեր է նետել երգի մրցույթի մասնակիցներին: «Սիրով հրավիրում եմ միասին տոնել բազմազանությունը՝ ցույց տալով, որ բազմազանությունը կարող է միավորել բոլորիս: «Եվրատեսիլի» այս տարվա մասնակիցներին (և ոչ միայն) մարտահրավեր եմ նետում՝ երգելու հայկական ազգային երգ: Սկսում եմ Գերմանիայի պատվիրակ Լեվինայից: Հուսով եմ՝ հավանել ես կատարումս․ ես ջանք չեմ խնայել այն առավելագույնս լավ ներկայացնելու համար»,-գրել է Արծվիկը:

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Կիեւում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակիչի ընթացքում: Մրցույթն այս տարի կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» կարգախոսի ներքո: Օրերս կայացել է «Եվրատեսիլ-2017» միջազգային մրցույթի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան. Արծվիկը եվրատեսիլյան երկրպագուներին եւ եվրոպաբնակ հանդիսականին կներկայանա “Fly with me” երգով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am