ԱԺ հերթական նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով

Armenpress 15:54, 22 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը կրկին չկայացավ քվորում չլինելու պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մարտի 22-ին ժամը 12:00-ի դրությամբ նիստին մասնակցելու համար գրանցվել էր 15 պատգամավոր:

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հիշեցրեց, որ ՀՀ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` եթե քվորում չի ապահովվում, գրանցումը պետք է շարունակվի մինչև քվորում ապահովելը, սակայն ոչ ավելի, քան երեք ժամ: Նա հույս էր հայտնել, որ  բազմազբաղ պատգամավորները երեք ժամվա ընթացքում  կավարտեն իրենց  գործերը և կվերադառնան Ազգային ժողովի նիստերի  դահլիճ:

Երեք ժամ անց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձանագրեց, որ երեքժամյա գրանցում իրականացնելու ընթացքում քվորում չի ապահովվել, ուստի այսօրվա նիստը ևս չի կայանա: «Կհանդիպենք վաղը առավոտյան, ժամը 12:00-ին»,- եզրափակեց Շարմազանովը:

Ազգային ժողովի հերթական քառօրյայի նախորդ երկու նիստերը ևս չեն կայացել քվորում չլինելու պատճառով: Խորհրդարանի աշխատանքները սկսելու համար քվորում չապահովելու հիմնական պատճառը մարտի 5-ից մեկնարկած նախընտրական քարոզարշավն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am