Հայաստանը թիրախային շուկաներում տեսահոլովակներով կներկայացնի իր զբոսաշրջային գրավչությունը

Armenpress 13:05, 23 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հստակ քայլեր կիրականացնի Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր գովազդող հոլովակների արտադրության և դրանց միջազգային ԶԼՄ-ներով տարածելու ուղղությամբ: «Չնայած այն փաստին, որ վերջին հինգ տարիներին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմել է շուրջ 9 տոկոս, մեր երկիրը որպես զբոսաշրջային երկիր թերագնահատված է: Համոզված եմ, որ Հայաստանն ունի անհամեմատ ավելի բարձր պոտենցիալ զբոսաշրջության ոլորտում։ Ի լրումն ծրագրավորված և արդեն իսկ իրականացվող գործնական քայլերի, խիստ անհրաժեշտ եմ համարում Հայաստանի, որպես աշխարհում ամենագրավիչ զբոսաշրջային երկրներից մեկի, նկարագրի ձևավորումը»,-ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստում ասաց Կարեն Կարապետյանը:

Այդ իսկ պատճառով վարչապետը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարեց շարունակել ակտիվ և թիրախային մարքեթինգային և խթանման միջոցառումների  իրականացումը, այդ թվում՝ երկշաբաթյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետությունը, որպես զբոսաշրջային երկրի գովազդող թիրախավորված գովազդատեղեկատվական նյութերի մշակումը և տարածումը, էլեկտրոնային մարքեթինգի իրականացումը, ներառյալ բարձորակ հոլովակների արտադրությունն ու դրանց լայն տարածումը միջազգային սոցցանցերով և օտարերկրյա ԶԼՄ-ներով հեռարձակումը:

ՀՀ վարչապետը որպես թիրախային շուկայի օրինակ նշեց Ռուսաստանը, որի քաղաքացիները հնարավորություն ունեն մեր երկիր այցելել ներքին անձնագրերով:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am