Հռոմի համաձայնագրերի 60-ամյակի կապակցությամբ Երևանում կբացվի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես

Armenpress 11:08, 24 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի համաձայնագրերի 60-ամյակի կապակցությամբ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համատեղ կազմակերպում է լուսանկարների ցուցահանդես՝ «Էլ ավելի սերտ միություն» խորագրով: Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա մարտի 24-ին Հայաստանի նկարիչների միությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բացմանը ներկա կլինեն Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին և Հայաստանում Իտալիայի դեսպան Ջովանի Ռիչուլլին:

Ցուցահանդեսը կգործի մարտի 25-27-ը:

Վաթսուն տարի առաջ՝ 1957 թվականի մարտի 25-ին, Հռոմի համաձայնագրերով՝ Եվրոպական տնտեսական համայնքի եւ Եվրատոմի մասին համաձայնագրերով ստեղծվեց միասնական շուկան, որն ապահովում է մարդկանց, ապրանքների, ծառայությունների եւ կապիտալի ազատ տեղաշարժը: Այդ ժամանակ Եվրոպայի քաղաքացիների բարեկեցության եւ կայունության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծվեցին:  60-ամյա հոբելյանի կապակցությամբ Եվրոպան հպարտ է հետադարձ հայացք ուղղել դեպի անցյալը` լիահույս նայելով առաջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am