Դեսպան Բաղդասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Մալթայի Նախագահին

Armenpress 15:03, 25 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալթայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը (նստավայրը՝ Հռոմ) իր հավատարմագրերը հանձնեց Մալթայի նախագահ Մարի Լուիզ Կոլեյրո-Պրեկային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Մալթայի Նախագահը խնդրեց իր ողջույնները փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և անդրադարձ կատարեց երկու երկրների պատմական առնչություններին:

Դեսպան Բաղդասարյանն իր հերթին, Մալթայի Նախագահին փոխանցելով ՀՀ Նախագահի ողջույնները, հավաստիացրեց, որ իր գործունեության ընթացքում մեծ ջանքեր կներդնի հայ-մալթական երկկողմ հարաբերությունների խթանման և ամրապնդման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-մալթական հարաբերությունների զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մալթա կատարած այցի ընթացքում դեսպան Բաղդասարյանը հանդիպումներ ունեցավ նաև Մալթայի արտաքին գործերի նախարար Ջորջ Վելայի և Մալթայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անգլու Ֆարրուջայի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am