Վահան Մարտիրոսյանն ընդունեց «ՏՐԱՍԵԿԱ» Միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղարին

Armenpress 12:57, 27 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 27-ին ընդունեց «ՏՐԱՍԵԿԱ» Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի Միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Միրչեա Չոպրագային: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, «ՏՐԱՍԵԿԱ»-ն միջազգային տրանսպորտային ծրագիր է, որում ընդգրկված են Եվրոպական միությունն ու Արևելյան Եվրոպայի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի 14 անդամ-պետություններ: ՀՀ-ում «ՏՐԱՍԵԿԱ» ազգային հանձնաժողովի նախագահը Վահան Մարտիրոսյանն է:  Ողջունելով հյուրին` նախարարը կարևորեց Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային  միջանցքի շրջանակում բազմակողմ տնտեսական գործակցության հետագա խթանումը: Վահան Մարտիրոսյանը հայտնեց, որ Հայաստանը պատրաստակամ է աջակցել անդամ-պետություններին` ստորագրված համաձայնագրերին առանց որևէ պայմանների կամ քաղաքականացված վերապահումների միանալու գործում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մուլտիմոդալ փոխադրումների և դրա զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Շնորհակալություն հայտնելով համագործակցության համար՝ Միրչեա Չոպրագան հայտնեց, որ Միջկառավարական հանձնաժողովը պատրաստակամ է ընդունել հայկական կողմի առաջարկությունները` անդամ-պետությունների հետ տնտեսական և տրանսպորտային կապը զարգացման նպատակով: Հայաստանը «ՏՐԱՍԵԿԱ»-ի հաջորդ նախագահող երկիրն է: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am