Դավիթ Տոնոյանն այցելել է Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն

Armenpress 14:16, 27 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը մարտի 27-ին աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզում տեղակայված Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում, ինչպես նաև՝ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում, ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում և շնաբանական ծառայությունում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: 

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում նախարար Դ. Տոնոյանը կենտրոնի ղեկավար կազմի հետ քննարկել է կազմակերպչական, գույքային ու տեխնիկական զինման հարցեր: Նախարարն ընգծել է մասշտաբային աղետների ժամանակ կենտրոնի դերն ու աշխատանքը տարածաշրջանային մակարդակով, քանի որ այն միակն է Հարավային Կովկասում: Դ. Տոնոյանը հանդիպեց նաև Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում պարբերաբար վերապատրաստման դասընթացներ իրականացնող ՌԴ ԱԻՆ կենտրոնական փրկարարական ջոկատի փորձագետների հետ: 

Հաջորդիվ լինելով Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում և ծանոթանալով դրա հնարավորություններին` ԱԻ նախարարը հանձնարարել է արդիականացնել կենտրոնի ծրագրային ապահովումը և ստեղծել տվյալների ընդհանուր բազա, որը կդառնա միասնական համակարգի հիմք: 

ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում նախարար Դ. Տոնոյանը շփվել է անձնակազմի հետ, ծանոթացել ԻՆՍԱՐԱԳ-ի որակավորում ունեցող ՀՀ ԱԻՆ միջազգային առաքելությունների համար պատրաստված ջոկատներին և դրանց գույքին: 

ՓԾ շնաբանական ծառայությունում ԱԻ նախարարը քննարկել է ծառայության զարգացման հեռանկարներն ու առկա խնդիրները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am