Ռումինիայի ԱԳ նախարարն ընդգծել է ՖՄԿ-ի շրջանակներում Հայաստանի հաջողությունները

Armenpress 21:04, 27 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը մարտի 27-ին հանդիպել է Ռումինիայի ԱԳ նախարար Թեոդոր Մելեշկանուի հետ: Հանդիպման սկզբում դեսպան Գասպարյանը նախարարին է փոխանցել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի բարեկամական ողջույնները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Զրույցի ընթացքում երկուստեք պատրաստակամություն հայտնվեց խորացնել կապերը բոլոր հնարավոր ոլորտներում` շեշտը դնելով պաշտոնական փոխշփումների ակտիվացման միջոցով քաղաքական երկխոսության ծավալման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման, միջխորհրդարանական կապերի աշխուժացման, գիտակրթական և մշակութային ծրագրերի խթանման, ապակենտրոնացված մակարդակով համագործակցության զարգացման վրա, որոնց համար նպաստավոր պայմաններ կարող է ընձեռել վերջերս նախաստորագրված Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը:

Նախարար Թեոդոր Մելեշկանուն գոհունակությամբ նշեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության փաստը, ինչպես նաև ընդծգեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում Հայաստանի հաջողությունները:

Նախարար Մելեշկանուն և դեսպան Գասպարյանը քննարկեցին հայ-ռումինական ընթացիկ օրակարգի մի շարք հարցեր:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությանը, ինչպես նաև մերձավորարևելյան ճգնաժամին և դրա քաղաքական ու հումանիտար հետևանքների հաղթահարմանը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am