Ադրբեջանում հայրը սպանել է իր 7-ամյա որդուն
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Սաբիրաբադ շրջանի Ուլաջալը գյուղում հայրը սպանել է 7-ամյա որդուն:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Ուլաջալըի բնակիչ, 1990-ին ծնված Ռոյալ Շաքիր օղլու Մամմեդովը դաժանաբար սպանել է որդուն` 2010-ին ծնված Ռոյամինիյին:
Իմանալով, որ որդին իրենը չէ, տղամարդը ցանկացել է սպանել կնոջը, սակայն կինը կարողացել է փախչել: Կնոջ փախուստից հետո Մամմեդովը զայրույթը երեխայի վրա թափելով` 6 անգամ մուրճով հարվածել է երեխայի գլխին, ինչի հետևանքով նա մահացել է:
Ոստիկանության կողմից բերման է ենթարկվել նաև երեխայի մայրը, ընթանում է նախաքննություն:
Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով` 2017-ի սկզբից զավակի սպանության արդեն 6 դեպք է գրանցվել:
2017-ին Ադրբեջանում գրանցվել է ինքնասպանության փորձի 14 դեպք:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2017 թվականի սկզբից մինչև այժմ երկրում մայրասպանության 1, հայրասպանության 1, հարազատների՝ միմյանց սպանության 5, ամուսինների՝ միմյանց սպանության 3, զավակի սպանության 6 դեպք են տեղի ունեցել: