Թուրքիայի վարչապետը հայտարարել է Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողությունն ավարտելու մասին

Armenpress 10:14, 30 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարել է Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողությունն ավարտելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Վարչապետը հայտնել է, որ եթե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն այսուհետև կրկին վտանգ առաջացնի Թուրքիայի համար, իրենք նոր գործողություն կսկսեն, որն այլ անվանում կունենա:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակվել էր հինգ հոդվածից բաղկացած հայտարարություն, որով նշվել է, թե «Եփրատի վահան» գործողությունը Սիրիայում ավարտվել է հաջողությամբ:

Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում էր «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում էին Սիրիայի քրդերին:

«Եփրատի վահան» գործողության ընթացքում սպանված թուրք զինվորների թիվը գերազանցել է 70-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am