Շիրակ օդանավակայանը նորովի կդիմավորի իր այցելուներին

Armenpress 14:54, 30 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զբոսաշրջության պետական կոմիտեն և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել, որը նախատեսում է Գյումրու զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ համատեղ ծրագրերի իրականացում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից:

Կողմերը մտադիր են աջակցել մարզի և Գյումրի քաղաքի զբոսաշրջության ոլորտի խթանմանն ուղղված տարաբնույթ միջոցառումների և ֆլեշմոբերի կազմակերպմանը, Գյումրիի զբոսաշրջության զարգացման համար թիրախային փողոցների, թաղամասերի և այլ վայրերի վերափոխման, ձևավորման գաղափարների մշակմանը:

Մեկնարկն արդեն տրված է: Գյումրիում առաջին վայրը, որը վերափոխվեց համագործակցության արդյունքում, Շիրակի օդանավակայանն է:

Ինչպես նշում է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (ԳՏԿ) բիզնես մենեջեր Ամալյա Եղոյանը, բոլոր գյումրեցիների պարտականությունն է մտածել քաղաքը վեևափոխելու ուղղությամբ. ‹‹Մենք որոշեցինք սկսել հենց օդանավակայանից, քանի որ Գյումրի ժամանող հյուրն առաջին տպավորությունը քաղաքի մասին ստանում է հենց օդանավակայանից։ Ցանկացած այցելու պոտենցիալ պատվիրատու է ու գործընկեր, հետևաբար պետք է բոլոր ջանքերն օգտագործենք նրանց քաղաքում երկար պահելու և մեր պոտենցիալը երկայացնելու համար››:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում գործող Դիջիթըլ Փոմըգրանեթ ընկերությունն առաջարկել և իրականացրել է դիզայներական լուծումներ օդանավակայանի համար՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի և Գյումրու քաղաքապետի աջակցությամբ:

Գյումրիի պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի և փողոցների նկարներ, գյումրեցի հանճարների՝ Մհեր Մկրտչյանի, Ավետիք Իսահակյան և այլոց դիմանկարներ: Եվ այս նկարներն ու դիմանկարներները կլինեն #AR#VR տեխնոլոգիաների կիրառմամբ՝ ARLOOPA-ի նախաձեռնությամբ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am