Ելնելով մեր երկրի առավելություններից՝ ներդրողները հետաքրքրված են Հայաստանով. Կարայան

Armenpress 16:07, 30 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության յուրաքանչյուր նիստում առնվազն երկու ներդրումային ծրագիր է քննարկվում, այսինքն՝ ներդրողները հետաքրքրված են Հայաստանով: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: «Դա արդեն մեծ ակտիվություն է և խոսում է այն մասին, որ ներդրումներ իրականացնողների մոտ ցանկությունները մեծ են: Ավելի շատ ներդրումային ծրագրեր են ներկայացվում, որպեսզի կառավարությունն իր օժանդակության շրջանակներում կարողանա իր գործիքակազմով օժանդակել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը:

Հարցին, թե ինչո՞ւ պետք է ներդրողը ներդրում անի Հայաստանում, Կարայանը պատասխանեց, որ հիմնականում ներդրումներ իրականացնում են՝ ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանը տարածաշրջանում իր առավելություններից ելնելով՝ ունի բավական առևտրային արտոնություններ:

«Ներդրում են անում՝ ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանում գործարար միջավայրն է բարենպաստ: Այս կառավարության օրոք ներդրումներ են արվել տարբեր ոլորտներում՝ էներգետիկա, արդյունաբերություն, առողջապահություն, դեղագործություն և այլն»,- նկատեց Կարայանը՝ հավելելով, որ ներդրումների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվությունը կներկայացվի առաջիկայում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am