Քաղաքագետը ռուս-ամերիկյան հարաբերություններում լարվածության աճի լուրջ հիմքեր առայժմ չի տեսնում

Armenpress 12:53, 14 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը չի կարծում, թե Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում առաջիկայում չափից ավելի լարվածություն կառաջանա:

«Բոլորի համար ակնհայտ է, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմը սկսել է իր դիրքորոշումները հայտնել այս կամ այն հարցի վերաբերյալ, եւ դրա վառ ապացույցը սիրական ռազմաբազայում տեղի ունեցած հրթիռային հարվածն էր:  Թրամփի համար կարեւոր էր փոխել կարծրատիպերը, որ Վաշինգտոնը չափից շատ կապ ունի Ռուսաստանի հետ:  Կարծում եմ՝ այդ զարգացումները ցույց տվեցին, որ Թրամփը ցանկանում է ասել, թե ինքը Թրամփն է, այլ ոչ թե Օբաման: Այնուամենայնիվ, ելնելով նաեւ ԱՄՆ պետքարտուղարի՝ Մոսկվա կատարած այցի արդյունքներից՝ կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նպատակը այս պահին նոր լուրջ առճակատման գնալը չէ, այլ պարզապես  ցուցադրել այն շրջանակը, որի սահմաններում կարելի է խոսել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Քաղաքագետն այժմ չի տեսնում որեւէ լուրջ հիմքեր հարաբերություններում լարվածության աճի համար, որոնք կարող էին նաեւ ազդեցություն ունենալ Հարավային Կովկասում:

«Քանի դեռ չենք տեսնում, որ այդ լարվածությունը մտնում է անվերահսկելի փուլ, ապա չեմ կարծում, որ պետք է սպասել լուրջ զարգացումների: Այլ բան է, եթե տեսնենք դրական համագործակցություն կամ լարվածություն Մերձավոր Արեւելքում «Իսլամական պետության» դեմ պայքարում, այդ դեպքում ԱՄՆ-ն միգուցե նաեւ փորձի այդ կարմիր գծերը դնել Հարավային Կովկասում, սակայն այժմ դեռ չենք հասել այդ իրավիճակին»,-եզրափակեց Սերգեյ Մինասյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am