Ստամբուլում ոստիկանությունն արգելել է ապրիլի 23-ին ծրագրված Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումը

Armenpress 13:16, 24 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ոստիկանությունն արգելել է Ստամբուլի Շիշլի թաղամասում ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությունը, որը անց է կացվում հինգ տարի շարունակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ոստիկանության ներկայացուցիչները հավաքվածներին հայտնել են, որ «վերևից հրաման ունեն արգելելու ցույցը»` սպառնալով, որ եթե հավաքվածները չենթարկվեն հրամանին, իրենք հրաման ունեն միջամտելու:

Ներկաները հավաքել են «Մի մոռացիր, մոռացնել մի տուր», «Քանի դեռ չկա առերեսում, ցեղասպանությունները չեն դադարի» գրությամբ պաստառները և տեղափոխվել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Շիշլիի գրասենյակ:

Գրասենյակում կուսակցության անունից ելույթ ունեցող Մելիս Թաթանը նշել է, որ ցեղասպանությունը միայն 1915-ով չի սահմանափակվել: Այն շարունակվում է Հրանտ Դինքի, Սևակ Բալըքչըի, Մարիցա Քյուչուքի սպանություններով, նրանց դատավարության արդյունքում արդար վճռի բացակայությամբ և իրական հանցագործներին կոծկելու ճանապարհով:

«Նոր Զարթոնք» նախաձեռնության խոսնակ Նորայր Օլգարն էլ ասել է, որ հայերից հետո ցեղասպանությունն այսօր շարունակվում է քրդաբնակ շրջաններում: «102 տարի անց էլ կոչ ենք անում պետությանն առերեսվել կատարվածի հետ: Քանի դեռ չկա առերեսում, խաղաղություն չի լինի»,- ընդգծել է նա: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am