Քաղաքագետն անիրատեսական է համարում լուրջ բանակցային գործընթացը Ադրբեջանի ղեկավարության սպառնալիքների պարագայում

Armenpress 14:40, 25 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծում է, որ սահմանագծում վստահության մեխանիզմների ներդրումն առաջնային է, ինչի իրականացման հարցում միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա:

«Գիտենք, որ իրականում լուրջ փոփոխություններ Ադրբեջանի, ինչպես նաեւ Հայաստանի դիրքորոշման մեջ տեղի չեն ունեցել: Գլխավոր խոչընդոտը, որն այս պահին առկա է իրական բանակցային գործընթացն առաջ տանելու հարցում այն է, որ Ադրբեջանը՝ հակառակ եւ՛ Մինսկի խմբի համանախագահների, եւ՛ Հայաստանի, հրաժարվում է իրագործել շփման գծում այդ վստահության մեխանիզմների ներդրումը: Բնականաբար, այս պայմաններում, երբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ամեն օր սպառնում է նոր պատերազմով, իրատեսական չէ խոսել լուրջ բանակցային գործընթացի շարունակականության կամ վերսկսման մասին, նույնիսկ եթե անգամ լինի նախարարների հանդիպում: Ադրբեջանը, ցավոք, անգամ զրոյական մակարդակով չի ուզում այդ հարցի շուրջ սկսել քննարկումներ»,-«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ ասաց քաղաքագետը:

2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացավ երկու հանդիպում՝ Վիեննայում մայիսի 16-ին և Սանկտ Պետերբուրգում՝ հունիսի 20-ին: Հանդիպումների ընթացքում շեշտվել է հետաքննության մեխանիզմների ներդրման, ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցների թվի ավելացման անհրաժեշտությունը: Ադրբեջանը, սակայն, հրաժարվում է ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am