Երևանը կհյուրընկալի Հայաստան-Չեխիա միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը

Armenpress 17:58, 25 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանն այս տարի կհյուրընկալի Հայաստան-Չեխիա միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Չեխիայի Հանրապետությունում և Սլովակիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը։ «Հավանաբար սեպտեմբերին Երևանում կկայանա տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը, որին զուգահեռ կանցկացվի գործարար համաժողով»,-ասաց դեսպանը:

Նա տեղեկացրեց, որ բանակցություններ են ընթանում ՀՀ ճյուղային նախարարներից մեկի և չեխական բարձրաստիճան խորհրդարանական պատվիրակության այցերի ժամկետների շուրջ։ Ծրագրվում են նաև այլ այցելություններ։

Իսկ ապրիլի վերջին Հայաստան կայցելի Չեխիայի առողջապահության նախարարության բարձրաստիճան պատվիրակությունը՝ երկու փոխնախարարների գլխավորությամբ։

Հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովը հիմնվել է համաձայն 2014թ. հունվարի 30-ին կնքված «Հայաստանի կառավարության և Չեխիայի կառավարության միջև տնտեսական և արդյունաբերական համագործակցության մասին» համաձայնագրի` հայ-չեխական տնտեսական համագործակցության ամրապնդման և հետագա խորացման նպատակով: Հանձնաժողովի առաջին նիստը կայացել է 2014թ. սեպտեմբերի 11-ին` Երևանում: 2016 թվականի ապրիլի 25-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի է ունեցել հանձնաժողովի երկրորդ նիստը, որի շրջանակներում անցկացված Հայաստան-Չեխիա գործարար համաժողովին մասնակցել են 15 ընկերություններ Հայաստանից և շուրջ 50 ընկերություններ Չեխիայից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am