Քուվեյթցի գործարարը ցանկանում է Հայաստանում ներդրումներ իրականացնել շինարարության ոլորտում

Armenpress 12:29, 26 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ապրիլի 26-ին հանդիպել է քուվեյթցի ներդրող Չարլզ Հայդերի հետ։ Ներդրողը հետաքրքրված է Հայաստանում շինարարության, մասնավորապես, ճանապարհաշինության ոլորտով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարարը Չարլզ Հայդերի հետ քննարկել է Հյուսիս–Հարավ ճանապարհի կառուցման ոլորտում անհրաժեշտ ներդրումները, իրականացման հնարավոր տարբերակները և առաջարկել համագործակցության հեռանկարները քննարկել նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ։

Քուվեյթցի ներդրողն իր հետարքրքությունն է հայտնել նաև Հայաստանում էներգետիկայի ոլորտում նոր ծրագրերի առնչությամբ։ Ներդրողն իր աջակցությունն է հայտնել իր գործընկերներին Հայաստան հրավիրելու գործում՝ տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու համար։

 Նախարար Կարայանը նշել է․ «Ձեզ առաջարկում եմ այցելել նախարարութան կողմից ստեղծված investmentprojects.am կայքը, որն անհրաժեշտ տեղեկատվության է պարունակում թե՛ Հայաստանի ներդրումային միջավայրի և թե՛ առկա ներդրումային ծրագրերի վերաբերյալ։ Մենք պատրաստ ենք ցանկացած ծրագիր մանրամասն քննարկել Ձեր և ձեր գործընկերների հետ»։

Չարլզ Հայդենն էլ իր հերթին նշել է, որ շնորհակալ է արդյունավետ քննարկման համար և հավելել․ «Ուրախ եմ տեսնել Ձեր կառավարության քաղաքականությունը ներդրումների ոլորտում։ Ակնհայտ են ներդրումային միջավայրի դրական փոփոխությունները։ Հայաստանն իսկապես օտարերկրյա ներդրումների ներգրավման մեծ ներուժ ունի»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am