ՀՀ ԱԻՆ-ն Արզնու ձորում երկրաշարժի թեմայով գործնական վարժանք է անցկացնում

Armenpress 21:42, 27 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն Արզնու ձորում գտնվող կիսակառույց առողջարանի տարածքում իրականացնում է «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով 36-ժամանոց դաշտային վարժանքի գործնական հատվածը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ըստ ուսումնավարժության մտահղացման՝ երկրաշարժի հետևանքով վնասվել էին շենքի 1-3-րդ հարկերի կառուցատարրերը, փլուզվել՝ աստիճանավանդակները, իսկ տարհանման բոլոր ուղիները փակ էին: Հետախուզության տվյալներով՝ 4-6-րդ հարկերում կար 2 տուժած: Հարակից՝ մասնակի փլուզված շինության ներսում «զոհ» կար: Շինությունն ինքնուրույն լքած «տուժածները» փրկարարների հետ շփվում էին անգլերեն լեզվով:

Փրկարարները, բարձրացնելով ծանր կառուցատարրերը, փլատակներից դուրս են բերում «զոհի» դին, և պարանային եղանակով պատգարակի միջոցով շինությունից տարհանում պայմանական տուժածներին:

Հայկական ՔՈՓ թիմի ղեկավար կազմը, որը տեղում ղեկավարում էր ոչ միայն հայկական, այլև՝ տեղական ու միջազգային այլ «թիմերի» գործողությունները, ուսումնավարժության ամբողջ ընթացքում «աղետի» գոտում իրավիճակի և արձագանքման միջոցառումների մասին տեղեկություններ էր տեղադրում նաև աղետի արձագանքումը համակարգող վիրտուալ տիրույթում (Virtual OSOCC)՝ իրազեկելով միջազգային հանրությանը:

ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) շրջանակներում անցկացվող դաշտային վարժանքը կշարունակվի նաև վաղը՝ ապրիլի 28-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am