Սահմանամերձ Բաղանիսն Ադրբեջանի կողմից ենթարկվել է տարվա ընթացքում ամենաինտենսիվ գնդակոծության

Armenpress 15:30, 29 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Տավուշի մարզի Բաղանիս գյուղը ենթարկվել է տարվա ընթացքում ամենաինտենսիվ գնդակոծության: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց Բաղանիսի համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը:

«Գնդակոծությունը տեղի է ունեցել ապրիլի 28-ի երեկոյան՝ 21:00-23:00-ն, գիշերը խաղաղ է եղել: Վնասները նյութական են՝ տանիքներ, պատուհաններ, ավտոմեքենա. փառք Աստծո,  մարդկային կորուստներ, վիրավորներ չունենք, հիմա էլ առօրյա հոգսերով ենք զբաղված»,-ասաց համայնքի ղեկավարը:

Նա տեղեկացրեց, որ ինչպես նախորդ գնդակոծությունների ժամանակ, այս անգամ եւս գյուղապետարանի կողմից ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որը զբաղվելու է վնասների փոխհատուցման հարցերով:

«Ճշտումներ են կատարվում եւ վնասների չափն է ներկայացվում: Մինչեւ հիմա նման դեպքերի ժամանակ մարզպետարանի, կառավարության կողմից նորմալ փոխհատուցվել են, որեւէ դժգոհություն չկա: Այս պահի դրությամբ հանձնարարվել է հաշվել վնասների չափերը»,-եզրափակեց Նարեկ Սահակյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am