Մանկական բեսթսելեր 4/16. «Թոմ Սոյերի արկածները» գիրքն ամենավաճառվածների ցանկում է

Armenpress 10:38, 4 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնում է մեկ ամսվա ընթացքում ամենից շատ վաճառված մանկական գրքերի ցանկը:

Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում «Արև, արև, եկ, եկ»  մանկական բանաստեղծությունների ժողովածուն է, որում զետեղված են տարբեր սերնդի հայ մանկագիրների ստեղծագործություններ:

Ցանկ է վերադարձել «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» գիրքը, որը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Այն մեծ մասսայականություն է վայելում փոքրիկների շրջանում: «Արքայադուստր Լինդան», «Կեռնեխ թագավորը» և «Ոսկեծամիկը» հեքիաթները դաստիարակչական են, անչափ հուզիչ և գեղեցիկ: Այս բոլոր հեքիաթները մեկտեղված են վերոնշյալ գրքում:

Երրորդ տեղում Ջ. Ռոուլինգի «Հարի Փոթերը և գաղտնիքների սենյակը» ստեղծագործությունն է: Ամառային արձակուրդներն ավարտվում են, և Հարի Փոթերը կրկին վերադառնում է Հոգվարթսի վհուկության և կախարդության դպրոց: Դղյակի պատերին հայտնվող սպառնալից գրությունները զգուշացնում են, որ գաղտնիքների սենյակը կրկին բացվել է:

Մանկական բեսթսելերի չորրորդ հորիզոնականում  Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ն են, որոնք քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքի, այլև մուլտֆիլմերի ու գեղարվեստական լիամետրաժ ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:

Ռուբեն Մարուխյանի «Չիկարելիի արկածները» մեկ հորիզոնականով բարելավել է իր դիրքերը և հինգերորդն է: Հեղինակը սովորեցնում է, որ չի կարելի սուտ խոսել, շատ ուտել, նախանձել ընկերոջը, բարեկամին, բամբասել, խարդախությամբ ու խաբեբայությամբ զբաղվել, անազնիվ չի կարելի լինել: Չի կարելի նաև թռչուններին ու կենդանիներին պարսատիկով հալածել, ծառ կտրել, ծաղիկներ պոկոտել, աղբյուրի ակունքը աղտոտել... Ինչքա՜ն բան կա մեր կյանքում, որ չի կարելի անել:

«100 դասական հեքիաթներ» ժողովածուն այս շաբաթ վեցերորդն է: Գրքում տեղ են գտել սիրված դասական գրողների հեքիաթները, մեզ հասած առասպելներն ու հայտնի հեքիաթային հերոսները, որոնք կյանքը գրավիչ են դարձնում 4-9 տարեկան երեխաների համար: Ժողովածուն ընդգրկում է այնպիսի սիրված հեքիաթներ, ինչպիսիք են «Թագավորի նոր հագուստը», «Մոխրոտը» և «Ջրահարսը»: Յուրաքանչյուր հեքիաթ պատկերազարդված է գունագեղ նկարներով:

«Հայ ժողովրդական առակներ» ժողովածուն բարելավել է իր դիրքերը և յոթերորդ տեղում է:  Նրանում ընդգրկվել են դասական՝ այլաբանական առակներ, որոնց հերոսները մեծ մասամբ կենդանիներ են, առակատիպ ժողովրդական զրույցներ,  հեքիաթատիպ առակներ:

Ութերորդը Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-ն են: Թումանյանի ստեղծագործությունները, մասնավորապես հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք միշտ պահանջված են բոլոր սերունդների կողմից, հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Իններորդ հորիզոնականում Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» գիրքն է: Թոմը մոտ 12 տարեկան տղա է, որը, մոր մահից հետո, ապրում էր իր մորաքույր Պոլլիի տանը։ Վեպում նկարագրվում են տարբեր արկածներ, որոնք տեղի են ունենում Թոմի և նրա ընկերների հետ։ Դրանք մի քանի ամիս են տևում: Արկածների ընթացքում Թոմը հասցնում է գտնել իր սերը, ականատես լինել սպանության և բռնել մարդասպանին, փախչել տնից, դառնալ ծովահեն և ապրել կղզում:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է հայ մեծանուն գրող, մանկագիր Ղազարոս Աղայանի «Հեքիաթներ»-ը: Աղայանի գործերը թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և դարձել համաշխարհային ստեղծագործության նմուշներ:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» գրախանութը (53-74-13), «Զանգակ» (23-26-49) և Էդիթ Պրինտ (52-08-48) հրատարակչությունները: Հարցման ժամանակ հաշվի չեն առնվել դասագրքերը:

Տեղ Գիրք Հրատ. Քանակ 1 «Արև, արև, եկ, եկ» Էդիթ Պրինտ 55 2 «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» Բուկինիստ 43 3

Ջ. Ռոուլինգ

«Հարի Փոթերը և Գաղտնիքների սենյակը»

Զանգակ 35 4

Հանս Քրիստիան Անդերսեն

«Հեքիաթներ»

Արևիկ 25 5

Ռուբեն Մարուխյան

«Չիկարելիի արկածները»

Էդիթ Պրինտ 22 6 «100 դասական հեքիաթներ» Զանգակ 18 7 «Հայ ժողովրդական առակներ» Էդիթ Պրինտ 16 8

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Արևիկ 15 9

Մարկ Տվեն

«Թոմ Սոյերի արկածները»

Անտարես 15 10

Ղազարոս Աղայան

«Հեքիաթներ»

Արևիկ 12

«Մանկական բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am