Հովհաննես Իգիթյանը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումն Ադրբեջանի որդեգրած ծրագրի մաս է համարում

Armenpress 14:21, 10 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը իր գործողություններով անընդհատ փորձում է ցույց տալ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված չէ: Մայիսի 10-ին կազմակերպված քննարկման ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը: «Ադրբեջանն անընդհատ փորձում է լարվածություն առաջացնել թե հայ-ադրբեջանական սահմանին, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Դրա նպատակն է ցույց տալ, որ հակամարտությունը սառեցված չէ, որ այն շատ վտանգավոր է և կյանքեր է խլում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Իգիթյանը:

Նա մանրամասնեց, որ Ադրբեջանը իր քայլերով փորձում է միջազգայնացնել իր դժգոհությունը: «ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումն էլ այս ծրագրի մի մասն էր կազմում: Երևանյան գրասենյակի փակելու հետ կապված ադրբեջանական կողմի մեկնաբանությունները ցույց են տալիս, որ նրանք համաձայն կլինեն Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեության շարունակականությանը, երբ կլուծվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»,- ընդգծեց Իգիթյանը:

Նրա գնահատմամբ` Ադրբեջանի որդեգրած ծրագրի մի մաս էր ԵԱՀԿ գրասենյակի փակումը, քանի որ ԵԱՀԿ-ն խանգարում է այն երկրներին, ովքեր թաքցնելու բան ունեն միջազգային հանրությունից և սեփական հասարակությունից: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am