Ասմունքի հանրապետական փառատոնում Գեղարքունիքի մարզի դպրոցականները նվաճել են մրցանակային երեք տեղ
ԳԱՎԱՌ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Ասմունքի հանրապետական փառատոնի եզրափակիչ փուլում, որն անցկացվել է Երեւանի Եղիշե Չարենցի անվան N 67 հիմնական դպրոցում, Գեղարքունիքի մարզից մասնակցելու իրավունք ստացած 6 դպրոցականներից մրցանակներով են վերադարձել 3 հոգի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, հանրապետական ասմունքի մանկապատանեկան 10-րդ մրցույթ-փառատոնի հանրապետական փուլին Գեղարքունիքի մարզից մասնակցելու իրավունք էին ստացել փառատոնի մարզային փուլի կրտսեր տարիքային խմբի հաղթողներ՝ Գավառի N 5 հիմնական դպրոցի աշակերտ Լիանա Օհանյանը, Լճաշենի միջնակարգ դպրոցի աշակերտ Նարե Խանդանյանը, Ծովազարդի միջնակարգ դպրոցի աշակերտ Լիդա Գալոյանը, Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցի աշակերտներ Էլմիրա Պապյանը եւ Անի Դաշյանը, Կարմիրգյուղի թիվ 1 դպրոցի աշակերտ Շուշան Ղալակչյանը: Փառատոնի հանրապետական փուլին մասնակցում էր 86 աշակերտ, որոնցից հաղթող ճանաչվեց 43-ը, որոնց մեջ ընդգրկվեցին նաեւ Գեղարքունիքի մարզը ներկայացնող Նարե Խանդանյանը, Էլմիրա Պապյանը եւ Անի Դաշյանը: Փաստորեն, մարզի երեք մրցանակակիրներից երկուսը՝ Էլմիրա Պապյանը եւ Անի Դաշյանը, ներկայացնում մեն մեկ ուսումնական հաստատություն՝ Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցը: Ասմունքի հանրապետական փառատոնն ավարտվել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցած գալա համերգով եւ մրցանակաբաշխությամբ:Մրցանակակիրները, այդ թվում եւ Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչներ Նարե Խանդանյանը, Էլմիրա Պապյանը եւ Անի Դաշյանը արժանացել են խրախուսական մրցանակի ու ստացել նվերներ՝ հայ գրականության լավագույն գրքերի ընտրանի եւ բջջային հեռախոսներ:
Խոսրով Խլղաթյան
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ