Թթուջուր եւ Գանձակ գյուղերի աշնանացան ցորենի որոշ ցանքեր ցրտահարված են

Armenpress 19:29, 22 Մայիս, 2017

 

ԳԱՎԱՌ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Թթուջուր եւ Գանձակ գյուղերում  աշնանացան ցորենի ցանքերը որոշակի տարածքներում   չեն դիմացել անցած ձմռան ցրտերին՝ կորցնելով հետագա կենսունակությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի վարիչ Մարտին Պետրոսյանը, մարզպետարանի գյուղատնտեսության վարչության մասնագետների կողմից տեղում ուսումնասիրվել է աշնանացան ցորենի ցանքերի ընդհանուր վիճակը, ինչի արդյունքում էլ պարզվել է, որ մոտ 32 հեկտար աշնանացան ցրտահարված է Թթուջրում, մոտ 33 հեկտար՝ Գանձակում:«Թթուջրում նախորդ տարվա աշնանը կատարվել է մոտ 50 հեկտար աշնանացան: Ի դեպ, Հայաստանի անկախության 25 տարիների ընթացքում այստեղ առաջին անգամ է աշնանացան կատարվել, որից մոտ 32 հեկտարն արդեն կորցրել է իր կենսունակությունը անցած ձմռան դաժան ցրտերի հետեւանքով: Այստեղ տուժել է 42 տնտեսություն: Գանձակում նախորդ տարվա աշնանը կատարվել է 60 հեկտար աշնանացան, որից մոտ 33 հեկտարը ցրտահարված է: Այստեղ էլ տուժել է 50 տնտեսություն: Մենք տնտեսություններին խորհուրդ ենք տվել՝ ցրտահարված ցանքերում կատարել գարու ենթացանք: Ամեն դեպքում, մարդիկ վնասներ են կրել, եւ այս տարի չեն կարող ակնկալած բերքից ոչինչ ստանալ»,-հավաստեց Մարտին Պետրոսյանը: Տնտեսություններին պատճառված վնասների հնարավոր չափերը ճշտվում են:

 

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am