Արա Բաբլոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Արամ Սաթյանին

Armenpress 10:00, 23 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Արվեստագետի Ձեր հարուստ գործունեությունը երգ ու երաժշտություն ստեղծելու ուրույն ճանապարհ է, որով շարժվում եք մի քանի տասնամյակ: Ձեր բազմաժանր, այդ թվում` դասական ու հանրամատչելի ստեղծագործությունները, աչքի են ընկնում ինքնատիպությամբ, ժամանակի խորին զգացողությամբ ու առանձնահատուկ մեղեդայնությամբ` հնչելով տարբեր նվագախմբերի ու երգիչների կատարմամբ, հաճույք պատճառելով հանդիսատեսին:

Ղեկավարելով Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունը` Դուք հաջողությամբ եք համատեղում բարձրաճաշակ արվեստագետի ու հմուտ կազմակերպչի բնատուր ունակությունները»:

Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, ստեղծագործական հաջողություններ եւ ամենայն բարիք: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am