ԱԺ նիստում ՀՀ նախագահի ելույթը երկարաժամկետ խնդիրներ առաջ քաշող դոկտրինալ խոսք էր. Խոսրով Հարությունյան

Armenpress 15:57, 23 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորընտիր խորհրդարանի առաջին նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը հանրային կյանքի վերաբերյալ դոկտրինալ խոսք էր, որում առաջ էին քաշվում երկարաժամկետ խնդիրներ: Մայիսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: «Տեր-Պետրոսյանի` նախընտրական մրցապայքարում հնչեցրած որոշ թեզեր առաջ բերեցին ամենատարբեր մեկնաբանություններ ոչ միայն հանրապետությունում, այլև հանրապետությունից դուրս: Նա ձևակերպում առաջադրեց, որը հակամարտության փուլ առ փուլ լուծում էր ենթադրում: Նախագահը հարկ համարեց անդրադառնալ այդ հարցին, որպեսզի շփոթ չառաջանա: Հակամարտությունը կարգավորելու համար այլ մեխանիզմներ կարելի է գտնել, սա էր ենթադրում նախագահի ելույթը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Հարությունյանը:

Նրա կարծիքով` Սերժ Սարգսյանի ելույթից կարելի է հասկանալ, որ հայկական կողմի համար ավելի ընդունելի է Կազանյան փաստաթուղթը: «Չնայած նախագահը չէր մերժում Մադրիդյան սկզբունքները, բայց նա ասում էր` ունենք ավելի կատարելագործված փաստաթուղթ: Ուղղակիորեն արձանագրվեց, որ ոչ թե մերժվում են Մադրիդյան սկզբունքները, այլ  դրանց հիման վրա առաջացել է ավելի համապարփակ մի փաստաթուղթ, որը պատրաստ էր ստորագրման, որը ենթադրում է Արցախի ինքնորոշումը իրական դարձնել: Ալիևը, սա հասկանալով, հրաժարվեց ստորագրել Կազանյան փաստաթուղթը»,- հավելեց պատգամավորը:

Հարությունյանը նշեց, որ ՀՀ նախագահի այս ելույթը հնարավորություն է տալիս, որպեսզի  թե' միջազգային հանրությունը, թե' ներքին լսարանը հասկանան հայկական կողմի դիրքորոշումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am