Ավետ Բարսեղյանը և Սերգեյ Սմբատյանը երեխաների համար հետաքրքիր նախագիծ կիրականացնեն

Armenpress 16:34, 23 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և  հաղորդավար Ավետ Բարսեղյանի նախաձեռնությամբ հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը փոքրիկներին կներկայացվի «7» նախագիծ համերգային ծրագիրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, համերգը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում։

Երեխաների և նրանց ծնողների համար նախատեսված ինտերակտիվ համերգ-երեկոն կրթադաստիարակչական նշանակություն ունի: Համերգ-շոու ծրագրի ընթացքում հանդիսատեսը նվագախմբի կատարմամբ ոչ միայն կունկնդրի դասական երաժշտարվեստի սիրված ու հայտնի ստեղծագործություններ, այլև ակտիվ մասնակցություն կունենա միջոցառմանը: 

Դասական երաժշտությունը կուղեկցվի ծանոթություններով. կներկայացվեն աշխարհի 7 հրաշալիքները, ծիածանի 7 գույները, 7 նոտաները, 7 առաքինությունները և այլն։ Երեխաները կտեղեկանան նաև, թե ինչ է նվագախումբը, ինչ դեր ունի դիրիժորը և այլն։

Երեկոյի ընթացքում սպասվում են յուրահատուկ անակնկալներ:

Նախագիծն իրականացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am