Սպասվող լրահոս. 24.05.2017
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն այսօր` մայիսի 24-ին, կընդունի 2016-2017 ուսումնական տարվա դպրոցական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմակիր աշակերտներին:
ՀՀ կենտրոնական բանկում նախատեսված է մամուլի ասուլիս: Բանախոսները կանդրադառնան ֆինանսական կայունության և բանկային մեթոդաբանության հարցերին: «Ավրորա-2016»-ի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն եւ «Ավրորա- 2017»-ի հավակնորդ Թոմ Քաթինան կլինեն Գյումրիում: Նրանք կլինեն Հայ Կաթողիկե եկեղեցիում, «Թռչունյան» մանկատանը: Այնուհետև նախատեսված է հանդիպում «Կարիտաս» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Նրանք կհանդիպեն Գյումրիում Իտալիայի պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալտոի հետ:
Երևանում կանցկացվի «Հայաստանի քարտեզագրումը՝ որպես համաշխարհային կարգի զբոսաշրջային ուղղություն՝ հնարավորությունները, մարտահրավերները և առաջընթացի ուղին» խորագրով համաժողովը: Կմասնակցեն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը և Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը: Նախատեսվում է նաև գինու համտես: Հունիսի սկզբին անցկացվելու է «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը: Այս տարին միջոցառման համար հոբելյանական է: Արդեն 10-րդ անգամ բիզնես ֆորումը դառնում է յուրօրինակ հարթակ ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ ճյուղերի երկխոսության համար: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնակությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը կներկայացնեն սպասվող միջոցառման մանրամասներ:
Մայիսի 25-ին Համբարձման տոնն է՝ Ջանգյուլումը: Ինչպե՞ս է այն նշվել տարիներ առաջ, ի՞նչն է պահպանվել տոնի իրական բաղադրիչներից և ո՞րն է տոնի հոգևոր խորհուրդը: Տոնին ընդառաջ այսօր Ս.Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և «Կէան» կրթամշակութային կենտրոնի հիմնադիր Վանուհի Սիմոնյանը կանդրադառնան թեմային:
Գրողների միության 2-րդ հարկի կլոր դահլիճում տեղի կունենա բարերարների պատվո տախտակի բացումը, որին կհաջորդի Գրողների միության անդամների շախմատի առաջնությունը:
Հայաստանի ազգային պատկերասրահի ժամանակավոր ցուցադրությունների սրահում Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի գիտության և մշակույթի նախարար, դոկտոր Մարտինա Մյունխի և ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանի մասնակցությամբ կբացվի «Արքայական փայլ. պրուսական դղյակներն ու այգիները Բրանդենբուրգում և Բեռլինում» լուսանկարչական ցուցահանդեսը։
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում: