Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է ըմբշամարտի միջազգային կարգի հայ մրցավարներին

Armenpress 16:25, 24 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար, Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է ըմբշամարտի միջազգային կարգի հայ մրցավարների հետ և քննարկել նրանց հետագա աշխատանքային ծրագրերը: 

«Անհրաժեշտ է ակտիվացնել համագործակցությունը ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հետ, ապահովել հնարավորինս մեծ թվով հայ մրցավարների մասնակցությունը միջազգային հեղինակավոր մրցաշարերին, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, ինչու ոչ՝ նաև օլիմպիական խաղերին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  ասել է Ռոստոմյանը: 

Նրա խոսքերով՝ հայ մրցավարների ներկայությունը միջազգային մրցահարթակներում հնարավորություն կտա բացառելու մարզական կողմնակալ վերաբերմունքը մեր երկիրը ներկայացնող մարզիկների նկատմամբ և կողմնակալ որոշումները:

«Հենց այդ նպատակով պետք է ունենալ միջազգային կարգի ավելի շատ լիցենզավորված մրցավարներ: Վստահ եմ՝ ակտիվ համագործակցությունը ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հետ այս ուղղությամբ տալու է իր դրական արդյունքը»,- նշել է նախարարի պաշտոնակատարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am