ԵԱՏՄ շրջանակներում միասնական արժույթի անցնելու մասին հրապարակումները իրականության հետ որևէ կապ չունեն. ԿԲ ներկայացուցիչ

Armenpress 18:07, 24 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետը հերքում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միասնական արժույթի անցնելու մասին հայտարարությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանն ասաց, որ այդ հրապարակումներն այնքան հեռու են իրականությունից, որ իրենք սկսել են դրանց հումորով վերաբերվել: Նրա խոսքերով՝ այդ հրապարակումները իրականության հետ որևէ կապ չունեն:

«Այդ մասին բազմիցս հայտարարվել է ինչպես ԵԱՏՄ հանձնաժողովի բարձրաստիճան  պաշտոնյաների, այնպես էլ Կենտրոնական բանկերի ղեկավարների մակարդակով, որ միասնական արժույթի անցնելու հարց չկա: Մենք ունենք հարթակ, որտեղ ԵԱՏՄ կենտրոնական բանկերը նույնպես պարբերաբար քննարկումներ են անցկացնում, այնտեղ նույնպես Միության անդամ երկրների ԿԲ ղեկավարների մակարդակով բոլորը համակարծիք են, որ օրակարգում նման հարց չկա և չի կարող լինել»,- նշեց Աբրահամյանը:

Նա նաև նշեց, որ առաջիկա 10-15 տարվա ընթացքում միասնական արժույթի անցնելու մասին քննարկումներ անցկացնելն անիմաստ է: Աբրահամյանի խոսքով` ԵԱՏՄ բոլոր հրապարակային փաստաթղթերում որևէ դրույթ միասնական արժույթի վերաբերյալ գոյություն չունի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am