Բանկոմատների անվտանգության ապահովման ուղղությամբ կիրառվելու են նոր մոտեցումներ

Armenpress 19:47, 24 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկը մի շարք որոշումներ է կայացրել բանկերի գործառնական ռիսկերի նվազեցման նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 24-ին լրագրողների հետ  հանդիպման ժամանակ ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը նշեց, որոշումներից մեկը վերաբերում է բանկերի կողմից շահագործվող ինքնասպասարկման սարքերի ֆիզիկական անվտանգությանը:

«Այդ համակարգերը պետք է օժտված լինեն տեսանկարահանող և ազդարարող սարքերով, որոնք իրենց մեջ պարունակում են հատուկ ներկանյութեր: Տարբեր եղանակով ցանկացած անօրինական միջամտության արդյունքում այդ համակարգը գործարկվում է, և բանկոմատում առկա թղթադրամները ներկվում են հատուկ ներկանյութով` դրանք դարձնելով ոչ պիտանի և անվճարունակ»,- ասաց Աբրահամյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ մյուս փոփոխությունը վերաբերում է բանկերի տեղեկատվական անվտանգության բարձրացմանը: Նրա խոսքով` բանկերը պետք է պարբերաբար իրականացնեն տեղեկատվական համակարգերի և ցանցերի ներթափանցման թեստավորում, որը հնարավորություն կտա բացահայտել իրենց տեղեկատվական ցանցերի խոցելի և ռիսկային տեղերը: «Այդ արդյունքերի վրա հնարավոր կլինի հնարավորինս բացառել կամ վերացնել թերությունները: Դրանք կարող են իրականացվել միջազգային համապատսարխան ընկերությունների կողմից, որոնք այդ ոլորտում ունեն փորձ»,- ասաց  ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am