Հոգաբարձուների խորհրդի նիստին ընդառաջ շարունակվում են «Հայաստան» հիմնադրամի ծրագրային այցերը Հայաստանում

Armenpress 15:00, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությունն ավարտեց հաշվետու այցերն Արցախում եւ մայիսի 24-ին մեկնարկեց այցերը հայաստանյան ծրագրեր: Ձեւավորված ավանդույթի համաձայն՝ Հիմնադրամի պատվիրակությունները պարբերաբար այցելում են նաեւ նախորդ տարիներին իրականացված ծրագրեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» հիմնադրամից:

Այցելության առաջին օրը՝ մայիսի 24-ին, պատվիրակությունն այցելեց Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոց, որը 2016թ.ին հիմնանորոգվել է Հիմնադրամի ԱՄՆ արեւելյան շրջանի տեղական մարմնի հովանավորությամբ: Սկսած 2010թ.-ից Հիմնադրամը շարունակական աջակցություն է ցուցաբերում կրթօջախին, որտեղ իրենց առաջնային կրթությունն են ստանում մեր երաժիշտները: Վերջին ծրագրի շրջանակներում Հիմնադրամն ամիսներ առաջ ԱՄՆ արեւելյան շրջանի եւ Ֆրանսիայի իր տեղական մարմինների աջակցությամբ տասը դաշնամուր նվիրաբերեց դպրոցին:  Այսօր՝ մայիսի 25-ին, Հիմնադրամի պատվիրակությունը մեկնեց Շիրակի մարզ: Բավրա գյուղում պատվիրակության անդամները ծանոթացան համայնքի համար կարեւոր նշանակություն ունեցող հնդկացորենի վերամշակման նորակառույց գործարանի աշխատանքներին: Գործարանի կառուցումը կյանքի է կոչվել Հիմնադրամի արգենտինահայ բարերարներ Դեւեճիէան, Էքզերճիէան ընտանիքների եւ Քիրքոր Շիմշիրողլուի միջոցներով: ENPARD ծրագրի շնորհիվ էլ գործարանը համալրվել է անհրաժեշտ սարքավորումներով: Հնդկացորենի առաջին խմբաքանակը շուտով կվաճառվի հայկական շուկայում «Նոր հատիկ» մակնշմամբ:  Հիմնադրամն այսօր Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը բացեց բիոքիմիական հետազոտությունների ախտորոշիչ բուժլաբորատորիա` համալրված անհրաժեշտ սարքավորումներով եւ կահույքով: Այն Հիմնադրամի Շվեյցարիայի տեղական մարմնի նվերն է հաստատությանը, իսկ արգենտինահայ բարերարներ Դեւեճիէան, Էքզերճիէան ընտանիքների եւ Քիրքոր Շիմշիրողլուի հովանավորությամբ բուժլաբորատորիան ձեռք է բերել նաեւ ուլտրաձայնային հետազոտության սարք: Մանկատանն ապրում են մտավոր եւ ֆիզիկական շեղումներով երեխաներ, ովքեր բուժզննման նպատակով պարբերաբար տեղափոխվում էին բուժհաստատություններ: Նորաստեղծ բուժլաբորատորիան թույլ է տալիս հաստատության մասնագետներին հետազոտությունների հիմնական մասը տեղում, ըստ անհրաժեշտության, նաեւ ավելի հաճախ կատարել՝ այդպիսով վաղ հայտնաբերելով շեղումներն ու կանխելով բարդացումները:  Հիմնադրամի Շվեյցարիայի տեղական մարմնի ատենապետ Ավետիս Կիզիրյանն իր բացման խոսքում ասաց. «Սկսած 1992թ.-ից շվեյցարահայ համայնքը օգնության ձեռք է մեկնում այս հաստատությանն ու այստեղ բնակվող երեխաներին` փորձելով թեթեւացնել նրանց հոգսը»:  Հիմնադրամի ջանքերով նախորդ տարիներին վերանորոգվել են մանկատան երկու մասնաշենքերը` համալրվելով նոր կահույքով, վերակառուցվել եւ կահավորվել է բաց խաղահրապարակը, կառուցվել՝ թերապեւտիկ նշանակության փակ լողավազան: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am